G2

ՌԴ ԱԳ փոխնախարարը մեկնաբանել է Ադրբեջանի ներխուժումը ՀՀ տարածք

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել է 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումը՝ նշելով, որ եթե կողմերը պահպանեին 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագիրը, ապա «պարզ կլիներ, թե ով որտեղ է հարվածել, և ով ինչ է այս կամ այն ​​կերպ զբաղեցրել»։

РБК-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, որ Երևանը ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից պահանջել է դատապարտել այդ գործողությունները, և ինչու դա տեղի չի ունեցել, Գալուզինն ասել է․ «Կարծում եմ՝ դուք բազմիցս տեսել եք ՌԴ ԱԳՆ հաղորդագրություններում բազմաթիվ խոսքեր այն մասին, որ մենք մերժում ենք նախկինում տեղի ունեցած եռակողմ հայտարարությունների խախտումները։ Այսպիսով՝ այստեղ ես դեռ ռիսկի կդիմեմ ձեզ ուղղելու: Այն առումով, որ մենք բոլորովին հավանություն չենք տալիս 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության խախտումներին՝ անկախ նրանից, թե ում կողմից են դրանք տեղի ունենում։

Երկրորդ՝ այն թեմայի հետ կապված, որը դուք անվանեցիք Ադրբեջանի կողմից Հայաստանի որոշ շրջաններ զբաղեցնել...»։

Լրագրողը հիշեցրել է, որ խոսքը 2021 թվականի մայիսի և 2022 թվականի սեպտեմբերի մասին է, երբ հարձակումներ են իրականացվել հայկական Վարդենիս և Ջերմուկ քաղաքների վրա, և արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հարձակումները եղել են հենց Հայաստանի տարածքի վրա։

«Եվ այն ամենը, ինչ դուք ասացիք, վկայում է այն մասին, որ կողմերն ի սկզբանե պետք է կատարեին այն, ինչ պայմանավորվել էին 2020 թվականի նոյեմբերին։ Այն է՝ սահմանների սահմանազատում և սահմանագծում։ Այդ ժամանակ պարզ կլիներ, թե ով որտեղ է հարվածել, ով ինչ է այս կամ այն ​​կերպ զբաղեցրել:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա հավատարիմ լինելով իրենց դաշնակցային պարտավորություններին՝ ՀԱՊԿ անդամները լիովին պատրաստ էին դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, որը տեղակայվելու դեպքում հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում շատ ավելի լուրջ կայունացնող գործոն կծառայեր, քան պաշտոնական Երևանի կողմից հրավիրված, այսպես կոչված, Եվրամիության դիտորդական առաքելությունը, որը, ըստ մեր բավականին հավաստի տվյալների, զբաղվում է միայն հետախուզական գործունեությամբ»,- նշել է Գալուզինը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Մոսկվան, ստորագրելով Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը, հայտնվել է փակուղում, Գալուզինը նշել է, որ համաձայն չէ նման տրամաբանության հետ․ «Փաստն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հատուկ դաշնակցային հարաբերությունների առկայությունն է, որ մեծապես որոշում է Ռուսաստանի՝ որպես պատասխանատու միջնորդի հատուկ դերը։ 2020 թվականի աշնանը, երբ Ռուսաստանի և նրա նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի կենտրոնական դերակատարմամբ ձեռք բերվեց հրադադար, այնուհետև մշակվեցին եռակողմ հիմքով խաղաղ կարգավորման եղանակները, իսկ այս տարվա սեպտեմբերին, երբ ռուսական խաղաղապահ զորախմբի օգնությամբ ձեռք են բերվել ռազմական գործողությունների դադարեցում և բանակցություններ Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների միջև իրավիճակի հետագա հանգուցալուծման եղանակների վերաբերյալ։ Այնպես որ, ես այստեղ հակասություն չեմ տեսնում։ Եվ մենք կրկին պատրաստ ենք շարունակել մեր միջնորդական դերը եռակողմ պայմանավորվածություններին լիովին համապատասխան»։

Add new comment