վդ

Ամենավտանգավորը հիմա այն է, որ մեզ խաղաղությամբ են սպառնում. Գագիկ Գինոսյան

Մենք ինքնության կռվում պարտվում ենք՝ բանակում չկա գաղափարախոսություն, չունենք ազգային կրթություն, ազգային մշակույթը վտարված է ցանկացած պետական միջոցառումից: Այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ եւ Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը:

«Դաստիարակության հարցը որեւէ կերպ դրված չէ ու չի ասվում, թե ով է մեր քաղաքացին։ Նույնիսկ հեռուստատեսությունն օտարին ծառայող ու ազգը կազմալուծող է։ Առաջին արցախյան ազատամարտի 20-ից ավելի գաղափարական առաջնորդների թույլ չտրվեց ռազմաճակատից վերադառնալ։ Դավաճանները դրսից ուղղորդված ոչնչացրին ամբողջ սերուցքը, որն ազգին իսկապես կարող էր տանել անկախության ճանապարհով։ Հետագա մարտերի ժամանակ Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Արայիկ Մաթեւոսյանի, փառք Աստծո ողջ, բայց հաշմված Սարգիս Ստեփանյանի պես մարդիկ ունեցանք: Բոլոր այդ հերոսները տեսլական են ունեցել Նժդեհի, Լեոնիդի, Ավոյի կերպարով եւ գնացել են այդ ամենի հետեւից»,- ընդգծել է Գինոսյանը։

Նա նշել է, որ Լեոնիդի, Գորգիսյանի, Ավոյի տեսակը բավարար չի լուսաբանվել. «Մենք հաղթել ենք որակով, ոգով ու գաղափարախոսությամբ: Եթե Գեւորգ Չավուշն ու Անդրանիկն էլ հանճարեղ ռազմավարներ չլինեին, նրանց մեկ ամսում կոչնչացնեին: Այնտեղ Հրայր Դժոխքի պես գաղափարախոս կար, Չավուշի պես՝ ոգու մարդ, Անդրանիկի պես՝ իմաստուն ղեկավար, ոչ թե ամեն մեկն իր համար էր»։

Ըստ Գագիկ Գինոսյանի`ամենավտանգավորը հիմա այն է, որ մեզ խաղաղությամբ են սպառնում։ «Էլի մի քանի հարյուր տղա, խաղաղ բնակչություն ու երեխաներ զոհվեցին, անգամ՝ նույն ընտանիքից երկու եղբայր, հարյուր հազարից ավելի բռնագաղթածներ եղան, դա է խաղաղությո՞ւնը։ Դրա համար էլ առաջին նախագահից սկսած՝ Գարեգին Նժդեհին չեն սիրում, որովհետեւ նրա մտքերը իրենց ու այսօրվա իշխանությունների մահն են։ Դրա համար էլ Նժդեհից սարսափում են. նա 1955 թ.-ի դեկտեմբերին է մահացել, 70 տարի կարելի՞ է մի դիակից վախենալ։ Պարոնայք, դուք 700 տարի էլ կվախենաք, ճիշտ էլ կանեք, որովհետեւ այդ մարդն ավելի ողջ է, քան դուք»,- ասել է արվեստագետը և հավելել` ազգի արգանդը երբեք չի ամլանում. Լեոնիդից, Մոնթեից, Թաթուլից, Գորգիսյանից մեկը, հավանաբար, Նժդեհ կդառնար, որովհետեւ նա էլ մեկ օրում չէ այդպիսին դարձել: «Դա միայն մարդկային ոգու հանճար չէր, նաեւ՝ փորձառություն, բայց չթողեցին, որ մյուսներն էլ դառնան նրա պես, որովհետեւ ազգի մեջ նման կերպարների առկայությունը սպառնալիք է կայսրությանը»,- նշել է նա։
 

 

Add new comment