Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է երկրի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության ստեղծումը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իրանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության ապահովումը նոր հարց չէ, վերջին 34 տարում Իրանն Ադրբեջանին տարածք և միջանցք է տրամադրել համագործակցության համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Քանաանին շեշտել է, որ այս համատեքստում կողմերի միջև համագործակցությունը շարունակվում է, բայց տարածաշրջանի նոր պայմանների համաձայն՝ գոյություն ունի նոր համագործակցության հաստատման հնարավորություն։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն առաջարկել է համագործակցել, իսկ Թեհրանը դա ողջունել է։

Իրանցի պաշտոնյան նշել է, որ Իրանի տրանսպորտի նախարար Մեհրդեդ Բազրփաշի այցը Կովսական և նոր կամրջի բացումը, ինչպես նաև հաղորդակցային միջանցքն իրանա-ադրբեջանական համագործակցության մաս են կազմում։

«Մենք աջակցում ենք համագործակցությանը տարանցման և տարածաշրջանային միջանցքների հարցում, բայց ընդգծում ենք, որ միջանցքները պետք է ստեղծվեն երկրների ինքնիշխանության և միջազգային իրավունքի պահպանմամբ։ Քննարկվել են տարբեր թեմաներ»,- հայտնել է նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կովսականի շրջանի Աղբենդ գյուղում տեղի է ունեցել Ադրբեջանից դեպի Իրան Արաքս գետի վրայով ավտոմեքենաների կամրջի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետը և Իրանի տրանսպորտի նախարարը։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող և «Զանգեզուրի միջանցք» անվամբ փաթեթավորվող տարածքային հավակնությանն ի պատասխան` Իրանը վերջինիս առաջարկում է իր տարածքով կապվել Նախիջևանի հետ։ Սա Իրանին թույլ է տալիս զսպել թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունները, որոնք պնդում են, թե իբր իրականում ցանկանում են հաղորդակցության ուղի ստանալ, այլ ոչ թե արտատարածքային միջանցք։

 

 

 

Add new comment