Զելենսկին քննադատել է Իրանին Ուկրաինայում և Իսրայելում առկա հակամարտությունների համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա կապել է Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժման հետ և քննադատել է Իրանին երկու հակամարտությունների համար: Ըստ «Դետք»-ի՝ բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Զելենսկին այս մասին ասել է Կոպենհագենում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթում, որին մասնակցել է տեսակոնֆերանսի ձևաչափով։
Զելենսկին պնդել է, որ Իրանը չի կարող հերքել իր մասնակցությունն Ուկրաինայում ընթացող հակամարտությանը, քանի որ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է վաճառում։
«Իրանը չի կարող ասել, որ կապ չունի այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, եթե Ռուսաստանին «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր է վաճառում: Իրանը չի կարող ասել, որ կապ չունի այն ամենի հետ, ինչ կատարվում է Իսրայելում, եթե իր պաշտոնյաները հայտարարում են, որ սատարում են այն ամենին, ինչ կատարվում է Իսրայելում»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը միևնույն ժամանակ կոչ է արել Արևմուտքին միավորվել։ Նրա խոսքով՝ այժմ միջազգային ասպարեզից ներքին վեճերի պատճառով նահանջելու ժամանակը չէ։ «Մեկուսանալու ժամանակը չէ։ Ժամանակը չէ լռելու կամ ձևացնելու, թե մեկ մայրցամաքում ահաբեկչությունը չի ազդում համաշխարհային գործերի վրա»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Ուկրաինայի և Իրանի միջև լարվածության պատճառ են դարձել ուկրաինական կողմի այն մեղադրանքները, համաձայն որոնց՝ Իրանը սպառազինություն է մատակարարում Ռուսաստանին։ Իրանական կողմը բազմիցս հերքել է այս պնդումները՝ նշելով, որ պատերազմող կողմերից որևէ մեկին զենք չի մատակարարում, քանի որ դա նպաստում է պատերազմի երկարաձգմանը։
Add new comment