546

Հնդկաստանը հրթիռային կայաններ է ուղարկել Հայաստան․ ԶԼՄ

Հնդկաստանը նորացված Pinaka MK-1ER համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին խմբաքանակն ուղարկել է անանուն պատվիրատուի: Այս մասին գրում է հնդկական Udaipur Kiran լրատվականը՝ նշելով, որ պատվիրատուն, հավանաբար, Հայաստանն է, որը դարձել է դրանց առաջին գնորդը՝ բազմամիլիոնանոց պատվեր գրանցելով:

«OFAJ-ը հայտնի է դարձել համաշխարհային ասպարեզում Pinaka Rocket-ի շնորհիվ։ Այն կատարելագործված MK-1ER հրթիռի առաջին խմբաքանակն է ուղարկել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այս զինատեսակի գնման մասին դեռևս նախորդ տարի գրել էր Հնդկաստանում լույս տեսնող ամենահեղինակավոր անգլալեզու գործարար պարբերականը՝ Economic Times-ը: «Զինելով Հայաստանը» վերնագրված հոդվածում հնդկական թերթը պնդում էր, որ մատակարարվելիք սպառազինության թվում են լինելու հակատանկային հրթիռներ, ինչպես նաև համազարկային կրակի Pinaka կոչվող ռեակտիվ համակարգեր։ Պարբերականը կնքված գործարքի ընդհանուր ֆինանսական ծավալը գնահատում էր շուրջ 260 միլիոն ամերիկյան դոլար։

Հնդկական թերթի փոխանցմամբ՝ այս գործարքով Հայաստանը դառնում էր Pinaka ռեակտիվ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդը։

 

Add new comment