29.800 քառ. մետրի մեջ մտնում է նաև Արծվաշենը, խաչ չենք կարող քաշել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա. Փաշինյան
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է անկլավների թեմային և հայտարարել, որ ՀՀ-ի 29 800 ք/կմ-ի մեջ Արծվաշենը ևս մտնում է:
«Անկլավների թեմային անդրադառնալն անխուսափելի է մի պարզ պատճառով. 29.800 քառակուսիի մեջ մտնում է նաեւ Արծվաշենը: Հայաստանի ոչ մի իշխանություն իրավունք չունի խաչ քաշել այդ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա:
Բայց այստեղ կա մի կարեւոր նրբություն. ով էլ խոսի անկլավների մասին, ինքը պետք է սեղանին դնի քարտեզ: Երբ սեղանին դրվում է քարտեզ, չի կարող քարտեզ գոյություն ունենալ միայն մեկ կետի վրա: Երբ դրվեց անկլավների հարցը, բազմաթիվ հարցեր են ծագելու՝ անկլավների սահմանների սահմանազատման հարց կա, հասանելիության հարց կա, սերվիտուտի հարց կա, սահմանների պաշտպանության հարց կա, այդ տարածքներում զինված ուժերի ներկայության եւ չներկայության հարց կա: Անկլավ նշանակում է, որ դու ուրիշի տարածքով պետք է անցնես: Ո՞նց դու պետք է անցնես ուրիշի տարածքով, ի՞նչ իրավական նրբություններ ունի այս հարցը:
Այս խնդիրների լուծման մի քանի տարբերակ կա: Մեկն այն է, որ այս բոլոր հարցերը կարգավորում ենք եւ խաղաղության ֆոնին այս հարցը լուծվում է: Երկրորդ տարբերակն այն է, որ մենք տեսնում ենք, որ այնքան բարդ է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ սահմանից այն կողմն գտնվողն անկլավները մնում են այն երկրների տարածքներում, որով նրանք պարփակված են: Բայց սա էլ պետք է լինի պայմանագրի, հետագա վավերացման առարկա:
Մեր խնդիրն է այսօր թույլ չտալ, որ որեւէ հարց դառնա հետագա էսկալացիայի հիմնավորում այն պատճառաբանությամբ, որ Հայաստանի հրաժարվում է քննարկել, խուսափում է քննարկումից ու լուծումներից: Էսկալացիա թույլ չտալու համար մենք չպետք է մտածենք հարցերը հետաձգելու, հարցերը խճողելու, անհասկանալի դարձնելու մասին: Մենք իսկապես պետք է գնանք լուծումների եւ այդ լուծումները պետք է լինեն հիմնավոր ու թափանցիկ՝ դավադրությունների տեսությունները բացառելու համար»,- ասել է նա:
Add new comment