Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկով
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ, բայց Հայաստանի հետ շփումները կշարունակվեն, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ղարաբաղում ռուս խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել, դա դե ֆակտո և դե յուրե Ադրբեջանի տարածքն է, դա ճանաչում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա պարզաբանել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ժամանակ չի քննարկվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերատեղակայման հնարավորության հարցը։
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։
Add new comment