Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու մտադրություն չունի․ Էմիրբեյով
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է վերսկսել բանակցությունները Հայաստանի հետ «խաղաղության» հասնելու համար։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
«Իհարկե, եթե Հայաստանը հարձակվի մեզ վրա, մենք հանգիստ չենք նստի, բայց ես չեմ կարծում, որ դա բխում է Հայաստանի շահերից, մենք պետք է վերադառնանք բանակցությունների և օգտվենք խաղաղ գործընթացն առաջ մղելու ԵՄ ցանկությունից»,- այս մասին ֆրանսիական «Radiofrance» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Էմիրբեյովը։
Նա հավելել է, որ եթե Հայաստանը միանա խաղաղության և կայունության հաստատմանը, Ադրբեջանը լիովին պատրաստ է վերսկսել բանակցությունները։
«Մենք վերջ կտանք այս թշնամությանը, որը շարունակվում է շուրջ երեսուն տարի: Հայաստանի պնդումները, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, լիովին անհիմն են: Մենք հարգում ենք Հայաստանի, ինչպես նաև մյուս երկրների տարածքային ամբողջականությունը, քանի որ Ադրբեջանն այս տարիների ընթացքում շատ է տուժել հենց այն պատճառով, որ խախտվում է մեր սեփական տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունն այս շրջանում քարոզչություն է իրականացնում «խաղաղություն» հաստատելու կեղծ դրույթների շուրջ։ Ադրբեջանը կանգ չի առնելու՝ «խաղաղությունը» միայն թղթի վրա հաստատելով, շարունակելու է ռազմական ճանապարհով իր առջև դրված խնդիրները լուծել։
Add new comment