Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլլադիմիր Պուտինի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։
Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ Ռայիսին և Պուտինը քննարկել են Գազայի հատվածում ու Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Նրա խոսքով՝ Ռայիսին Պուտինին զգուշացրել է Իսրայելի կողմից շարունակվող հանցագործությունների մասին։
«Պարոն Ռայիսին նախագահ Պուտինի հետ զրույցում զգուշացրել է սիոնիստների շարունակվող ռազմական հանցագործությունների մասին։ Նա նշել է, որ շարունակվող պաշարումը, կանանց և երեխաների կոտորածն ու ցամաքային հարձակումը Գազայի և նրա օրինական ճանապարհով ընտրված կառավարության վրա կհանգեցնեն երկարատև պատերազմի բազմաթիվ ճակատներում: Կողմերը քննարկել են նաև Կովկասի հարցը»,- գրել է նա։
Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։
#Դետքի_հետագծով
Վերջին օրերին կրկին սրվել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որի հետևանքով երկու կողմն էլ ունի հազարավոր զոհեր և վիրավորներ։ Իրանի իշխանությունները կարևորում են հակամարտության այնպիսի հանգուցալուծումը, որը կապահովի նաև Պաղեստինի ժողովրդի իրավունքները, և դաշնակից պետությունների շրջանում ձգտում են այս հարցի շուրջ կոնսենսուս ապահովել։
Add new comment