Submitted by D.Guyumjyan on
դետք

ԻՀՊԿ հրամանատարը պնդում է՝ Գազայում ընթացող պատերազմը Իսրայելի կործանման սկիզբն է

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Գազայի հատվածում ընթացող պատերազմը սիոնիստական ​​ռեժիմի (նկատի ունի Իսրայելին - խմբ․) փլուզման նախնական փուլն է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Սալամին ընդգծել է, որ «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողությունը, որը ՀԱՄԱՍ-ը սկսել է հոկտեմբերի 7-ին, քաղաքական ու անվտանգության երկրաշարժի է ենթարկել թշնամու ռազմավարությունը։ Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողությունն աշխարհագրական առումով մարտավարական կողմ ուներ, սակայն դրա ազդեցության գոտին գլոբալ է։

«Բոլորն էլ գիտակցում են, որ այսօր սիոնիստական ​​ռեժիմը պարտված և նվաստացած է, և ՀԱՄԱՍ-ը մեծ պարտության է մատնել նրանց միայնակ և առանց որևէ այլ ուժի աջակցության»,- ասել է նա։

Սալամին հավելել է, որ սիոնիստական ​​ռեժիմը չի կարողանա վերականգնել նման նվաստացուցիչ վնասը, որքան էլ որ հուսահատ փորձեր անի:

#Դետքի_հետագծով

Վերջին օրերին սրացած իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով Իսրայելը զգալի կորուստներ է կրել, որոնք վերականգնելու համար բավականին երկար ժամանակ կպահանջվի։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ սա վերջին 50 տարում Իսրայելի կրած ամենաուժգին հարվածն էր, իսկ իրանական կողմը փորձում է հնարավորինս կապիտալիզացնել այս հարձակման հետևանքները։

 

Add new comment