Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր փուլ ենք թևակոխել․ Էրսին Թաթար
«Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում նոր դարաշրջան ենք թևակոխել»,- հայտարարել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ (խմբ․) թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարն Ադրբեջան կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով թուրքական աղբյուրներին։
Էրսին Թաթարն ասել է, որ Ադրբեջանում հանդիպումները շատ արդյունավետ են եղել, նաև հայտնել, որ ադրբեջանցի պաշտոնյաները և հասարակությունը հատուկ հետաքրքրությամբ են իրեն ընդունել։
«Շարունակվելու է համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Թուրքիայից հետո, կարծում ենք, Ադրբեջանի հետ ևս մեր հարաբերությունները կզարգանան»,- պաշտոնյայի խոսքն է մեջբերում պարբերականը։
#Դետքի_հետագծով
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Էրսին Թաթարի գլխավորած պատվիրակությունը մինչև հոկտեմբերի 16-ը Բաքվում մասնակցել է տարբեր միջոցառումների։
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի (Անկարայի) կողմից։
Add new comment