ԻՀՊԿ փոխհրամանատարն Իսրայելին նոր հարված է խոստանում, եթե չդադարեցվեն վայրագությունները
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ Իսրայելը նոր հարված կստանա, եթե Գազայի հատվածում իր վայրագությունները չդադարեցնի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
«Իսրայելը դիմադրության ճակատի կողմից կբախվի ևս մեկ հարվածային ալիքի, եթե չդադարեցնի գազանությունները Գազայի հատվածում։ Դիմադրության ճակատի գործողությունները սիոնիստական վարչակարգի դեմ կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև որ քաղցկեղի այդ ուռուցքը չհեռացվի աշխարհի քարտեզից»,- ասել է Ֆադավին։
ԻՀՊԿ հրամանատարի տեղակալը շեշտել է, որ Իրանը կշարունակի քայլեր ձեռնարկել՝ Պաղեստինի ճնշված ժողովրդին պաշտպանելու համար։ Նրա խոսքով՝ եթե Իսրայելի գործողությունները չկանխվեն, ապա դրանք չափազանց ծանր հետևանքներ կունենան ոչ միայն վերջինիս, այլև նրան հովանավորող երկրների համար։
#Դետքի_հետագծով
Իսրայելի իշխանությունները ձգտում են Գազայի հատվածում ցամաքային գործողություն իրականացնել և շրջանն ամբողջովին վերցնել իրենց վերահսկողության ներքո։ Իրանական կողմն իր հերթին փորձում է դա թույլ չտալ, քանի որ տարածաշրջանում Իսրայելի դիրքերի ամրապնդումը չի բխում իր շահերից։
Add new comment