Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին վերաբերող սահմանափակումների ժամկետը լրանում է․ Ալի Բաղերի Կանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Կանին հայտարարել է, որ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին վերաբերող բոլոր անարդար սահմանափակումների ժամկետը շուտով կավարտվի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
«Հոկտեմբերի 18-ից, համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2231 բանաձևի, բոլոր սահմանափակումները, որոնք անարդարացիորեն կիրառվել են բալիստիկ հրթիռների հետ կապված գործողությունների և Իրանի Իսլամական Հանրապետություն տեղափոխությունների նկատմամբ, կդադարեն»,- նշել է իրանցի պաշտոնյան։
Բաղերի Կանին ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երկիրն այլևս չի ենթարկվում որևէ սահմանափակման ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շրջանակում։ Նրա խոսքով՝ 2231 բանաձևի ցուցակում ընդգրկված ֆիզիկական անձանց և կազմակերպությունների վրա դրված բոլոր սահմանափակումները՝ ներառյալ սառեցված ակտիվները, ինչպես նաև ցուցակը կհեռացվեն ՄԱԿ-ի կայքից:
Վերջինս հավելել է, որ այս բանաձևի հիման վրա Իրանի դեմ ազգային կամ տարածաշրջանային մակարդակով սահմանված բոլոր սահմանափակող միջոցներն ու պատժամիջոցները պետք է չեղարկվեն։ «Նման սահմանափակումների պահպանումը կամ այդ շրջանակում նոր պատժամիջոցների կիրառումը 2231 բանաձևի համատեքստի ակնհայտ խախտում է»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Վերջին շրջանում Արևմուտքը որոշակիորեն մեղմել է Իրանի նկատմամբ կիրառված սահմանափակումները։ Սա պայմանավորված է հատկապես Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումներով՝ դրանցում Իրանի ներգրավումը կանխելու նպատակով։
Add new comment