Մեծ Բրիտանիայի վարչապետը մեկնում է Իսրայել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հինգշաբթի համերաշխության այցով կմեկնի Իսրայել, հայտնում է «Reuters»-ը՝ «Downing Street»-ին հղումով։
Սունակը կհանդիպի երկրի քաղաքական և ռազմական առաջնորդների, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախագահ Իցհակ Հերցոգի հետ: Նա իր ցավակցությունը կհայտնի Իսրայելում և Գազայի հատվածում մարդկային կորուստների համար և կզգուշացնի տարածաշրջանում հակամարտության հետագա սրման ռիսկերի մասին։ Մեծ Բրիտանիայի վարչապետը կարևորելու է նաև դեպի Գազայի հատված հումանիտար միջանցք բացելու հարցը։
Սունակի՝ Իսրայել կատարած այցին զուգահեռ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլիվերլին շրջագայելու է Մերձավոր Արևելքի երկրներով։ Նախարարը մտադիր է Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի ղեկավարության հետ քննարկել պաղեստինա-իսրայելական հակամարտության դեէսկալացիայի տարբերակները։
Հավելենք՝ Գազայի «Ալ-Ահլի» հիվանդանոցում տեղի ունեցածը զանգվածային բողոքի ակցիաներ է առաջացրել տարածաշրջանի երկրներում՝ Լիբանանում, Հորդանանում, Իրանում, Իրաքում, Թունիսում և Թուրքիայում: Ցուցարարները մեղադրում են Իսրայելին։
Add new comment