Հայտնի է՝ Հայաստանը ինչ զենք է գնելու Ֆրանսիայից
Ֆրանսիան Հայաստանին օգնում է բարելավել իր հակաօդային պաշտպանության հնարավորությունները՝ երեք ռադարների վաճառքի և «Mistral» հրթիռների ապագա մատակարարման համաձայնագրի միջոցով։ Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն, հաղորդում է «Reuters»-ը։
«Երկինքը պաշտպանելը բացարձակապես առանցքային բան է»,- ասել է Լըկորնյուն Փարիզում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Երկու նախարարները ստորագրել են «Thales»-ի արտադրած երեք «GM 200» ռադարների վաճառքի մասին պայմանագիր, ինչպես նաև ֆրանսիական «Mistral» փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ապագա մատակարարումների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
Ֆրանսիան նաև կօգնի Հայաստանին նախապատրաստել իր ցամաքային պաշտպանական ուժերն ու կաջակցի երկրի ջանքերին՝ բարեփոխելու և արդիականացնելու իր զինված ուժերը, ասել է Լըկորնյուն։
«Մենք պահպանում ենք մեր պաշտպանական հարաբերությունները (Հայաստանի հետ), թեև նույն ռազմական և քաղաքական դաշինքների մաս չենք կազմում։ Դա հիմնված է մի պարզ սկզբունքի վրա․ պետք է կարողանաս պաշտպանել ինքդ քեզ»,- ասել է Լըկորնյուն:
Add new comment