Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումները կանցկացվեն Երևանում և Բաքվում
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հույս է հայտնել, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումները կանցկացվեն նաև Երևանում և Բաքվում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Աբդոլլահիանը շեշտել է, որ հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպումը կողմնորոշված էր դեպի խաղաղություն, համագործակցություն և առաջընթաց։ Նրա խոսքով՝ բանակցությունները կենտրոնացած էին հանդիպման և հայտարարության տեքստերի վրա։
«Հուսով եմ, որ այդ հանդիպումները կշարունակվեն Բաքվում և Երևանում հաջորդ հանդիպումից հետո, որը տեղի է ունենալու Թուրքիայում»,- ասել է նա։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությունը վկայում է երկու երկրների միջև խաղաղության ու բարեկամության տանող շարժման առկայության մասին։
«Մենք հուսով ենք, որ որքան հնարավոր է շուտ կդառնանք Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի վկաները»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում 2024 թվականի առաջին կեսին։
#Դետքի_հետագծով
Իրանը կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, քանի որ կարծում է, որ նման կերպ ադրբեջանական կողմն այլևս ագրեսիա չի իրականացնի Հայաստանի դեմ, և տարածաշրջանում էսկալացիա չի լինի։ Միևնույն ժամանակ այս նպատակի իրագործման համար Իրանն առաջարկում է օգտվել նաև «3+3» ձևաչափից, որի հերթական հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ին Թեհրանում։
Add new comment