Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանը դիմել է Ռուսաստանին և Չինաստանին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում հակապաղեստինյան բանաձևի ընդունումը կանխելու համար

Իրանի Իսլմական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իրանական կողմը դիմել է Ռուսաստանին և Չինաստանին, որպեսզի նրանք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին թույլ չտան Պաղեստինի շահերին հակասող բանաձև ընդունել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Աբդոլլահիանը հայտնել է, որ այս հարցով բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ 

«Այսօր պարոն Լավրովը, որը ՄԱԿ-ում վետոյի իրավունք ունեցող երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն է, և ես շատ լուրջ բանակցություններ ենք վարել այդ հարցի շուրջ։ Այս հարցով մենք խորհրդակցում ենք նաև Չինաստանի հետ։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ ՄԱԿ-ը չընդունի Պաղեստինի ժողովրդի շահերին հակասող բանաձև»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Նշենք, որ այս շաբաթվա սկզբին տարածվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտության վերաբերյալ, որը հրադադարի կոչ չի պարունակում։

#Դետքի_հետագծով

Իսրայելը և վերջինիս աջակցող արևմտյան երկրները ցանկանում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հակապաղեստինյան բանաձև ընդունել, որը կօրինականացնի Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունները։ Իրանական կողմն ամեն կերպ փորձում է թույլ չտալ նման բանաձևի ընդունումը՝ նախևառաջ օգտագործելով ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներից 2-ի՝ ՌԴ-ի և Չինաստանի հետ ունեցած բարձր մակարդակի հարաբերությունները։

 

Add new comment