Թեհրանը հայտնել է, որ Վաշինգտոնը խնդրել է իրեն չմիջամտել պաղեստինա-իսրայելական հակամարտությանը
Վաշինգտոնը դիվանագիտական ուղիներով Թեհրանին խնդրել է չմիջամտել պաղեստինա-իսրայելական հակամարտությանը։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Ամերիկացիները մեզ առնվազն երկու անգամ հաղորդագրություններ են ուղարկել, որոնք պարունակում էին երկու հիմնական կետ։ Նրանք ընդգծել են, որ շահագրգռված չեն պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտուց դուրս ռազմական գործողությունների տարածմամբ, և Իրանին խնդրել են զսպվածություն ցուցաբերել»,- ասել է իրանցի պաշտոնյան։
Աբդոլլահիանը միևնույն ժամանակ շեշտել է, որ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներն իրեն հավաստիացրել են Իսրայելի հետ երկար առճակատման իրենց պատրաստակամության մասին։ Նա ասել է, որ այս հարցի շուրջ հեռախոսազրույց է ունեցել շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի և «Իսլամական ջիհադ» կազմակերպության առաջնորդ Զիյադ ալ-Նահալի հետ:
«Կիրակի երեկոյան ես խոսեցի Հանիյեի և Ալ-Նահալի հետ, որոնք ինձ տեղեկացրին Գազայի վերջին զարգացումների մասին։ Դիմադրության առաջնորդներն ընդգծում են, որ իրենք պատրաստ են երկարատև պայքարի սիոնիստական ռեժիմի դեմ և հետևաբար պահանջում են դադարեցնել հարձակումները խաղաղ բնակչության վրա»,- հայտարարել է նա։
#Դետքի_հետագծով
Արևմտյան պետությունները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ձգտում են ամեն կերպ կանխել Իրանի ներգրավումն իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ, քանի որ դա կարող է աղետալի հետևանքների հանգեցնել։ Իրանի մասնակցության դեպքում հակամարտության աշխարհագրությունը կընդլայնվի, և այն կվերածվի տարածաշրջանային մեծ պատերազմի, որից միջազգային դերակատարները ձգտում են ամեն կերպ խուսափել։
Add new comment