Հարավային Կովկասի երկրները պետք է առաջատար դեր ստանձնեն տարածաշրջանային խնդիրների լուծման գործում․Էմիրբեյով
Թեհրանում կայացած նախարարների հանդիպման ժամանակ «3+3» ձևաչափի մասնակիցները եկել են կոնսենսուսի, որ տարածաշրջանի երկրները պետք է առաջատար դեր ունենան տարածաշրջանային խնդիրների լուծման գործում և այս առումով մտադիր են ամրապնդել սեփականության և ներգրավվածության զգացումը: Այս մասին BBC ռադիոյի ուղիղ եթերում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը։
«Այս առումով, բնական է, որ երկրները դեմ են արտատարածաշրջանային խաղացողների վնասակար արտաքին միջամտությանը տարածաշրջանի գործերին, միևնույն ժամանակ, վերջիններս, հաճախ ելնելով իրենց եսասիրական ներքաղաքական նկատառումներից և շահերից, փորձում են պարտադրել իրենցը»,- նկատի ունենալով Ֆրանսիային՝ ասել է Էմիրբեյովը։
Ըստ Ադրբեջանի նախագահի ներկայացուցչի՝ Ֆրանսիան չարաշահում է իր առաջատար դերը միջազգային այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, Եվրամիությունը, Եվրախորհրդարանը և անգամ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը:
«Մշտապես կողմնակալ, միակողմանի և բացահայտ հակաադրբեջանական նախաձեռնություններ առաջ տանելով՝ Փարիզը, ավաղ, դառնում է իր ներքաղաքական օրակարգի պատանդը և դրանով իսկ խարխլում է ոչ միայն իր հեղինակությունը, այլև Եվրամիության համբավը»,- հավելել է նա: Էմիրբեյովը նաև մեկնաբանել է Ֆրանսիայից Հայաստան զենքի և տեխնիկայի մատակարարումները։
Add new comment