Պաշտոնական Բաքուն դատապարտել է Կանադայի ԱԳ նախարարի երևանյան ելույթը
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Երևանում Կանադայի դեսպանատան բացման արարողությունից հետո կայացած մամուլի ասուլիսում Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հայտարարել է, որ Կանադան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
Կանադացի նախարարը կարևորել է ուժի չկիրառման սկզբունքի պահպանումը և կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հարգել հայ բնակչության՝ իրենց տներ վերադառնալու իրավունքները։ Նախարարը հիշեցրել է, որ սեպտեմբերի 19-ի ագրեսիային նախորդել է Լեռնային Ղարաբաղի բազմամսյա ապօրինի շրջափակումը։ Ջոլին ասել է, որ Կանադան կավելացնի օգնությունը Լեռնային Ղարաբաղից փախստականներին։
Նախարարի հայտարարությունները դժգոհության առիթ են հանդիսացել Ադրբեջանում։ Պաշտոնական Բաքուն մեղադրել է Կանադայի ԱԳ նախարարին կողմնապահության մեջ։
«Կանադացի նախարարի կողմից առանց տարածաշրջանում տիրող իրավիճակի իմացության ցուցաբերած կողմնակալ դիրքորոշումը լիովին անհիմն է։ Ինչ վերաբերում է Կանադայի կողմից որպես Ադրբեջանի դեմ պատժամիջոցների տարբերակը չբացառելուն, ապա նկատենք, որ Ադրբեջանի հետ սպառնալից լեզվով խոսելը միանգամայն սխալ է և չի կարող հաջողություն բերել որևէ կողմի»,- այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Add new comment