Անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները փորձում ենք դիվերսիֆիկացնենք. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պետք է անվտանգային ոլորտի հարաբերությունները դիվերսիֆիկացնի։ Այս մասին The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողությունների պարագայում ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը չեն իրականացրել այն գործողությունները, որոնք նկարագրված համապատասխան փաստաթղթերում։
«Մենք դրա մասին առաջին անգամ չէ, որ խոսում ենք, և խոսել ենք այն մասին, որ 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ և տարածքներ է օկուպացրել: Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողությունները, թե ինչ պետք է տեղի ունենա, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում: Նկարագրվածը տեղի չի ունեցել և, բնականաբար, դա հիասթափեցնող է և՛ Հայաստանի կառավարության, և՛ հայ հանրության համար:
Նաև Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, և այդ պայմանագրում նկարագրված գործողությունները նույնպես տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել և՛ Կառավարության, և՛ հանրության շրջանում:
Ինչ վերաբերում է այլ գործընկերների հետ հարաբերություններին, ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ահա այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է մեր անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք: Եվ մենք հիմա փորձում ենք դա անել»,- ասել է Հայաստանի վարչապետը:
Add new comment