Submitted by D.Guyumjyan on
դետք

Կատարը հերքում է ՀԱՄԱՍ-ին աջակցելու վերաբերյալ Իսրայելի պնդումները

ԱՄՆ-ում Կատարի դեսպան Մեշալ բեն Համադ ալ Թանին հերքել է այն պնդումները, թե իր երկիրն աջակցում և հզորացնում է ՀԱՄԱՍ-ին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Ալ Թանին գրել է «Wall Street Journal»-ում հրապարակած իր հոդվածում։

Վերջինս նշել է, որ տարիների ընթացքում Կատարից Գազայի հատված փոխանցված բոլոր միջոցները մատակարարվել են Իսրայելի, Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի գործակալությունների հետ լիարժեք համաձայնեցմամբ։

«Խորապես մտահոգիչ է, որ ԶԼՄ-ներում Կատարի մասին կեղծ պատմություններ են հայտնվել՝ հակամարտությունը սրելու ակնհայտ մտադրությամբ: Այս պատմությունները խոչընդոտներ են ստեղծում կառուցողական միջնորդական ջանքերի համար և ուղղված են բանակցությունները տապալելուն»,- գրել է նա։

Ալ Թանին անդրադարձել է նաև ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելցի պատանդներին ազատ արձակելու բանակցություններին։ 

«Անցյալ շաբաթ մի քանի պատանդի ազատ արձակումը ցույց է տալիս, որ բոլոր կողմերի հետ շփվելու Կատարի քաղաքականությունը կարող է դրական արդյունքներ տալ: Քաղաքացիական բնակչության շրջանում հետագա զոհերի կանխումը և պատանդների ազատ արձակումը պետք է լինեն բոլորի առաջնահերթությունը: Հաղորդակցության բաց ուղիները կարող են հանգեցնել կայուն խաղաղության: Կատարը կշարունակի հետամուտ լինել նման ներգրավվածությանը՝ ԱՄՆ-ի և աշխարհի այլ գործընկերների աջակցությամբ»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Կատարն այս հակամարտությունում թեև պահպանում է չեզոքություն, սակայն առավելապես հակված է պաղեստինյան կողմին աջակցելուն՝ մուսուլմական համերաշխության շրջանակում։ Սա բնականաբար անհանգստացնում է Իսրայելին, որը ձգտում է կանխել այդ աջակցությունը։

Add new comment