Իրանը մտահոգված է Գազայում Իսրայելի կողմից քիմիական զենքի հնարավոր կիրառմամբ
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչ Հադի Ֆարաջվանդը զգուշացրել է Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի հատվածում բնակվող Պաղեստինի քաղաքացիների դեմ քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Ֆարաջվանդը կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասին և կազմակերպության գործադիր խորհրդի ղեկավար Լուսիան Ֆատոյին ուղղված նամակում ընդգծել է, որ Իսրայելը Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին պայմանագրերի, այդ թվում՝ Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի անդամ չէ, ուստի նա կարող է Գազայի հատվածում դիմել քիմիական զենքի կիրառմանը: Վերջինս կազմակերպության անդամներին հորդորել է առարկայական քայլեր ձեռնարկել՝ Իսրայելի կողմից արգելված քիմիական զենքերի կիրառումը կանխելու համար։
«Անհրաժեշտ է, որպեսզի Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհուրդը և տեխնիկական քարտուղարությունն ուշադիր հետևեն Պաղեստինում տիրող իրավիճակին, հատկապես թունավոր քիմիական նյութերի օգտագործման վերաբերյալ ցանկացած սպառնալիքին և պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում, համաձայն կոնվենցիայի, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»,- ասվում է նամակում։
#Դետքի_հետագծով
Իրանական կողմը տեղեկություններ ունի, որ Իսրայելը Գազայի հատվածում պատրաստվում է արգելված զինատեսակներ, այդ թվում՝ քիմիական զենք կիրառել։ Սա անհանգստացնում է իրանական կողմին, որը ձգտում է որևէ կերպ թույլ չտալ, որ նման զարգացում տեղի ունենա։
Add new comment