Իրանի ԱԳ նախարարը նախազգուշացնում է՝ Իսրայելը պատասխանատվություն կկրի պատերազմի ծավալի ընդլայնման համար
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ եթե ռազմական գործողությունները չդադարեցվեն, ապա Իսրայելը և նրա կողմնակիցները պատասխանատվություն կկրեն պատերազմի շրջանակների ընդլայնման համար։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Աբդոլլահիանն ասել է Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Աբդոլլահիանը շեշտել է, որ Իրանը Գազայի պատերազմի սրումը կանխելու համար շարունակում է իր դաշնակիցների և բարեկամների հետ ջանքեր գործադրել։ Նրա խոսքով՝ Իրանի նախագահն առաջարկել է Պաղեստինի հարցով հանդիպում անցկացնել իսլամական և արաբական երկրների ղեկավարների հետ։
«Եթե ցեղասպանությունը և խաղաղ բնակչության դեմ պատերազմական հանցագործությունները չդադարեցվեն, ապա տարածաշրջանը շատ մոտ է մեծ և կարևոր որոշում կայացնելուն»,- ասել է նա։
Իրանի արտգործնախարարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ եթե պատերազմն անհապաղ չդադարեցվի, և ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների վրա համատեղ հարձակումները շարունակվեն, հետևանքները լուրջ կլինեն, և պատերազմողներն անկասկած չեն կարողանա դրանք հաղթահարել։
Նա միևնույն ժամանակ կոչ է արել բոյկոտել իսրայելական արտադրանքը․ «Մենք աջակցում ենք ցանկացած քաղաքական նախաձեռնության, որը կանխում է պատերազմի տարածումը և երաշխավորում Պաղեստինի ժողովրդի իրական իրավունքները»:
Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր թուրք գործընկերոջ հրավերով շուտով կայցելի Թուրքիա։
#Դետքի_հետագծով
Իրանական կողմը Պաղեստինի հարցի շուրջ փորձում է իսլամադավան երկրների կոալիցիա ձևավորել, որի առանցքը պետք է կազմեն Իրանը, Թուրքիան և Կատարը։ Այս նախաձեռնության շրջանակում Իրանի արտգործնախարարն այցելել է Կատար ու Թուրքիա և բանակցություններ վարել այս երկրների իշխանությունների հետ։
Add new comment