Ադրբեջանն իր ներդրումն է ունենում Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի կայուն գործունեության մեջ․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել նոյեմբերի 3-ին Աստանայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ հոբելյանական գագաթնաժողովում։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
«Մեր հարաբերությունների զարգացման համատեքստում կարևոր տեղ են զբաղեցնում տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտները։ Ադրբեջանը հաստատվել է որպես վստահելի տարանցիկ երկիր Կենտրոնական Ասիայի երկրների, Թուրքիայի և եվրոպական շուկաների միջև։ Ադրբեջանն իր ներդրումն է ունենում Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի կայուն գործունեության մեջ»,- նշել է Ալիևը։
Անդրադառնալով պատերազմներին՝ նա նշել է, որ կազմակերպության անդամ երկրների միջև համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անվտանգությունը, պաշտպանությունը և պաշտպանական արդյունաբերությունը, պետք է զարգանա։
Բաքվի բռնապետը հավելել է, որ մինչև 2026 թվականի ավարտը Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր» կվերադառնա ավելի քան 140 հազար մարդ։
«23 ժամվա ընթացքում Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու սահմանադրական կառուցվածքը։ Հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում քաղաքացիական անձինք և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն տուժել։ Ադրբեջանը լիովին պահպանել է միջազգային մարդասիրական իրավունքը»,- ասել է նա։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանն այս հարթակը ևս օգտագործեց իրականության խեղաթյուրման համար՝ նշելով, որ սեպտեմբերի ցեղասպան գործողությունները հակաահաբեկչական էին, իբրև թե դրանց արդյունքում քաղաքացիական անձինք և ենթակառուցվածքները չեն տուժել։
Ադրբեջանն «Արևելյան Զանգեզուր» է կոչում իր կողմից օկուպացված Քաշաթաղի շրջանը՝ հավակնություններ դրսևորելով նաև ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, կեղծ խաղաղության օրակարգի մասին բարձրաձայնելով՝ զուգահեռ նշում է, որ պաշտպանության ոլորտում համագործակցությունը պետք է մեծացնել։
Add new comment