Իլհամ Ալիևի հակահայկական ելույթը ԹՊԿ 10-րդ գագաթնաժողովին

Իլհամ Ալիևի հակահայկական ելույթը ԹՊԿ 10-րդ գագաթնաժողովին

Ս.թ. նոյեմբերի 3-ին Աստանայում տեղի է ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը՝ «Թյուրքական դար» խորագրով։ Հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել են այդ կազմակերպության անդամ պետությունների՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև դիտորդ երկրների՝ Հունգարիայի և Թուրքմենստանի ղեկավարները:

Գագաթնաժողովին պետությունների և կառավարությունների ղեկավարները քննարկել են անդամ երկրների ու դիտորդների միջև բազմակողմ համագործակցության հիմնական ասպեկտները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում և նրա սահմաններում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական իրադարձությունների վերաբերյալ։

Գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել ելույթով, որը պարունակել է հակահայկական ուղերձներ:

Նախ Բաքվի բռնապետը շնորհակալություն է հայտնել ԹՊԿ անդամ պետությունների ղեկավարներին Շուշի քաղաքը 2023 թվականին «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» հռչակելու հարցում ցուցաբերած աջակցության համար: Ալիևը նշել է, որ Ադրբեջանը թյուրքական պետությունների տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 20 միլիարդ ԱՄՆ դոլար, որի հիմնական մասը Թուրքիայում կատարվող ներդրումներն են։

Բաքվի բռնապետի ելույթից անմասն չեն մնացել Հայաստանին և Արցախին վերաբերող թեմաները։ Նախ կազմակերպության անդամ երկրներին ներկայացնելով հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ նա նշել է, թե Հայաստանը մոտ 30 տարի «օկուպացրել է Ադրբեջանի հողերը և այնտեղ ստեղծել անօրինական ռեժիմ»։

Վերջին ամիսներին իրականացված  էթնիկ զտումներին ուշադրություն չդարձնելով՝անդրադարձել է երեք տասնամյակ առաջ ադրբեջանցիների՝ Արցախից տարհանվելուն ու նշել, որ հայերն են կատարել էթնիկ զտումներ։

Պատերազմական հանցագործությունների ու վանդալիզմի ձեռագրին քաջատեղյակ Ադրբեջանի բռնապետը Հայաստանին մեղադրել է  քաղաքներ, գյուղեր, պատմական ու կրոնական հուշարձաններ ավերելու մեջ։

Ըստ Ալիևի՝ մինչև պատերազմը հայկական կողմն է բանակցությունները տապալել այնպիսի հայտարարություններով, ինչպիսիք արել է ՀՀ ղեկավարը։

«2019 թվականին օկուպացված Ստեփանակերտ (խմբ.) քաղաքում Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», վերջ դրեց բանակցություններին: ՀՀ ղեկավարությունը սպառնացել է Ադրբեջանին «նոր պատերազմ՝ նոր հողերի դիմաց» կարգախոսով։ 2020 թվականին Հայաստանի ղեկավարության սադրիչ գործողություններն ու հայտարարությունները, այդ թվում՝ ռազմական սադրանքները, անխուսափելի դարձրին Ղարաբաղյան 2-րդ պատերազմը»,- հայտնել է Ալիևը։

Խոսելով հետպատերազմյան դրությունից՝ նա նշել է, որ Ադրբեջանն առաջինն է հայտարարել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին և ներկայացրել հինգ հիմնարար սկզբունքներ:

Ալիևն անընդունելի է համարել այն, որ չնայած Հայաստանը 2022 թվականին հայտարարել է, որ ճանաչում է «Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», այնուամենայնիվ, «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում» շարունակեցին մնալ «անօրինական զինված խմբավորումներ»։

Բաքվի բռնապետը ելույթում վրդովմունքով է հիշել ս.թ. սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրը, ՀՀ վարչապետի շնորհավորանքը և սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները՝ համարելով, որ դա անհարգալից վերաբերմունք էր և ուղղակի սպառնալիք Ադրբեջանի նկատմամբ։

Ս.թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Ալիևը ևս մեկ անգամ անվանել է «հակաահաբեկչական» գործողություն։ Խեղաթյուրելով իրականությունը՝ Ալիևը նշել է, թե իրականացված գործողությունների արդյունքում քաղաքացիական անձինք և քաղաքացիական ենթակառուցվածքներ չեն տուժել։ Մինչդեռ հայկական կողմն ունեցել է անմեղ զոհեր քաղաքացիական անձանց շրջանում, այդ թվում՝ երեխաներ։

Add new comment