Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են Գազայի հատվածում տեղի ունեցող վերջին զարգացումները

Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ կողմերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պաղեստինի շուրջը տեղի ունեցող վերջին զարգացումները։ Աբդոլլահիանը և Ալ Սաուդն անդրադարձել են Գազայի հատվածում ընթացող պատերազմին վերջ տալու հավաքական ջանքերին, այդ թվում` ճգնաժամի հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի անցկացման հարցին։

«Բարձրաստիճան դիվանագետները քննարկել են Գազայի հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության առաջիկա արտահերթ գագաթնաժողովը, ինչպես նաև կշռադատել են ծրագրերը՝ ստիպելու սիոնիստական ռեժիմին դադարեցնել ռազմական հանցագործությունները պաղեստինցիների դեմ Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին, ապահովել հումանիտար օգնության շարունակական առաքումը պաշարված անկլավ»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշենք, որ Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Սաուդյան Արաբիայի հրավերով։

#Դետքի_հետագծով

Ինչպես Իրանը, այնպես էլ Սաուդյան Արաբիան իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում աջակցում են պաղեստինյան կողմին և ձգտում ամեն կերպ օգնել վերջինիս։ Հենց այս նպատակով նշված երկրները նոյեմբերի 12-ին Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողով են հրավիրել, որտեղ ջանքեր կգործադրեն իսլամադավան բոլոր երկրների աջակցությունը ստանալու նպատակով։

Add new comment