Իրանի նախագահն Իսրայելին աջակցող երկրներն անվանել է պաղեստինցիների դեմ հանցագործությունների մասնակից
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Իսրայելին աջակցող բոլոր երկրներն անվանել է պաղեստինցիների դեմ կատարվող հանցագործությունների մասնակից։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Ռայիսին ասել է Թեհրանում Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա աս Սուդանիի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ռայիսին շեշտել է՝ ԱՄՆ-ի օգնությունը, այդ թվում՝ զենքի մատակարարումների տեսքով, Իսրայելին թույլ է տալիս ավելի համարձակ գործել։ «Բոլորը, ովքեր աջակցում են Իսրայելին, պաղեստինցիների դեմ հանցագործությունների մեղսակից են»,- հայտարարել է նա։
Նշվում է, որ Իրաքի վարչապետը նոյեմբերի 6-ին ժամանել է Թեհրան՝ քննարկելու երկու երկրների հարաբերությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով ավելի քան 1400 մարդ է զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում Գազայի հատվածին։ Վերջին օրերին Գազայում ցամաքային գործողության մեկնարկից հետո իսրայելցի զինվորների շրջանում զոհերի թիվը հասել է 30-ի։
#Դետքի_հետագծով
Արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, Իսրայելին զգալի աջակցություն են ցուցաբերում, ինչը թույլ է տալիս այդ երկրին շարունակել Գազայի հատվածի դեմ իր գործողությունները և չհամաձայնվել հրադադարի հաստատմանը։ Սա անհանգստացնում է իրանական կողմին, քանի որ շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով զգալի կորուստներ է կրում նաև պաղեստինյան կողմը։
Add new comment