Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանի պաշտպանության նախարարը նշել է՝ աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը կվնասի տարածաշրջանի անվտանգությանը

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Ղարայի Աշտիանին Թեհրանում ընդունել է Իրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քերլանգիչին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Աշտիանին հանդիպման ժամանակ ընդգծել է, որ տարածաշրջանում պատմական և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը վնասակար ու կործանարար կլինի տարածաշրջանի անվտանգության համար։ Նրա խոսքով՝ Իրանի հիմնարար քաղաքականությունը տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանումն է։

«Պետք է հարգել տարածաշրջանի երկրների քաղաքական ինքնիշխանությունը, և անշուշտ Իրանի ու Թուրքիայի համագործակցությունը կարող է օգտակար և արդյունավետ լինել տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման  գործում, ինչպես նաև անջատողական գործողությունների դեմ պայքարում»,- նշել է նա։

Անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին՝ Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է, որ հարակից տարածաշրջաններում կայունությունն ու անվտանգությունը հիմնարար նշանակություն ունեն երկու երկրների՝ Իրանի և Թուրքիայի համար։ Նրա համոզմամբ՝ փորձը ցույց է տվել, որ երկու երկրների միջև համագործակցությունն ու խորհրդակցությունը կարող են հանգեցնել տարածաշրջանում հավասարակշռության ու կայունության հաստատման։

Ինչ վերաբերում է Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումներին, ապա Մոհամմադ Ռեզա Ղարայի Աշտիանին համոզմունք է հայտնել, որ Իսրայելը չի հասնի իր նպատակներից ոչ մեկին։ «Անշուշտ, սիոնիստական ​​ռեժիմը Գազայում չի հասնի իր նպատակներից որևէ մեկին, իսկ մանկասպան ​​ռեժիմի հանցագործություններին ԱՄՆ-ի և արևմտյան երկրների միջամտությունն ու աջակցությունն ավելի են բարդացրել տարածաշրջանի անվտանգային պայմանները»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն իրենց համար անընդունելի են։ Միևնույն ժամանակ երկու երկրները բազմաթիվ հարցերում միանման դիրքորոշում ունեն, որից ելնելով` պարբերաբար բանակցություններ են վարում և հստակեցնում միմյանց մոտեցումները։

 

Add new comment