«Մեծ յոթնյակից» նշել են՝ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստեղծի
«Մեծ յոթնյակի» անդամ երկրները Տոկիոյում երկօրյա հանդիպման արդյունքների հիման վրա համատեղ հայտարարություն են ընդունել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
Հայտարարությունում նշվել է, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստեղծի։
«Մենք նախկինի պես համոզված ենք, որ Իրանը չպետք է ստեղծի միջուկային զենք, և մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ Իրանը պետք է դադարեցնի իր միջուկային ծրագրի չթուլացող էսկալացիան, որը համոզիչ քաղաքացիական արդարացում չունի և վտանգավոր կերպով մոտենում է զենքի հետ կապված իրական գործունեությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ նշվել է, որ եթե Իրանն այնուամենայնիվ շարունակի միջուկային զենքի ստեղծմանն ուղղված քայլերը, ապա վերջինիս նկատմամբ սահմանված պատժամիջոցներն էլ ավելի կկոշտացվեն։ «Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները նաև չեն բացառել Իրանի հետ 2015 թվականին ստորագրված միջուկային գործարքի վերականգնումը, եթե Թեհրանը կառուցողական մոտեցում ցուցաբերի։
#Դետքի_հետագծով
Չնայած Իրանից հնչող հավաստիացումներին` արևմտյան երկրները պնդում են, որ Թեհրանը շարունակում է քայլեր ձեռնարկել` միջուկային զենք ստանալու համար։ Միևնույն ժամանակ իրանական կողմը նշում է, որ շարունակելու է զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար։
Add new comment