Արտատարածաշրջանային ուժերը փորձում էին միջամտել իրանա-ադրբեջանական հարաբերություններին. Ալիևը՝ Ռայիսիին
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացել է Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահների՝ Իլհամ Ալիևի ու Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Ալիևը հանդիպման ընթացքում նշել է, որ նախորդ տարիներին ականատես են եղել արտատարածաշրջանային ուժերի կողմից Իրանի և Ադրբեջանի բարեկամական հարաբերություններին միջամտելու փորձերի։ Նրա խոսքով՝ այդ փորձերը ոչ մի արդյունք չունեցան։ «Վստահ եմ, որ այժմ էլ մեր թշնամիները չեն հասնի իրենց նպատակներին»,- ասել է նա։
Ադրբեջանի նախագահը նաև գոհունակություն է հայտնել, որ Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչները պայմանավորվել են Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու երթուղու շուրջ։ Նա վստահ է, որ այդ նախագիծը կիրականացվի կարճ ժամանակում և կդառնա «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի հերթական ուղղությունը։
«Արդյունքում մենք կունենանք երկու երթուղի` մեկը Աստարայով, մեկը` Ագբանդով, և երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի ու Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև հասանելի կլինեն այլ երկրներում մեր հարևաններին և գործընկերներին»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Ներկայումս Ադրբեջանը ձգտում է կարգավորել Իրանի հետ հարաբերությունները, որոնք լարվել էին այս տարվա հունվարից, երբ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում կատարվեց։ Արտատարածաշրջանային ուժերի մասին հայտարարությամբ Ալիևը ձգտում է իրանական կողմի համակրանքը շահել, քանի որ տևական ժամանակ Թեհրանը հայտնում էր վերջիններիս ներկայության անընդունելիության մասին, իսկ այդ ուժերին տարածաշրջան էր բերում հենց Ադրբեջանը։
Add new comment