ՀՀ վերահսկողությունից դուրս ուղիներն անընդունելի են․ Իրանի դեսպան
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հարցազրույց է տվել «ՍիվիլՆեթին» և անդրադարձել երկկողմ օրակարգի ու տարածաշրջանային նշանակության կարևորագույն հարցերին։
«Մենք Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կողմնակից ենք և դեմ ենք ցանկացած բանի, որը կխախտի նրա միջազգային սահմանները: Միջանցքի մասին պետք է նշեմ, որ միջազգային գրականության մեջ դա նշանակում է հաղորդակցության ուղի, բայց երբ այն առնչվում է Հայաստանին, հատուկ իրավական իմաստ է ստանում։ Նրանք, ովքեր կրկնում են այդ բառը, հատուկ իմաստով են այն օգտագործում, և նրանք իրենց հայտարարությունների հետևում թաքնված մտքեր ունեն»,- ասել է դեսպանը։
Իրանի դեսպանի համոզմամբ՝ Իրանը դեմ չէ հաղորդակցության ուղիների վերականգնմանը, բայց անընդունելի է համարում Հայաստանի վերահսկողությունից դուրս ճանապարհների առկայությունը։
«Մենք երբեք Հայաստանի կողմից սպառնալիք չենք ունեցել, և Հայաստանն էլ երբեք Իրանի կողմից սպառնալիք չի զգացել: Մեր սահմանը բարեկամության և փոխշահավետության սահման է: Հայաստանի համար այն եղել է Իրանի, Պարսից ծոցի և հարավային երկրների հետ հաղորդակցվելու և դեպի Հնդկաստան ու ծով դուրս գալու սահման: Իրանի համար էլ Հայաստանը դեպի հյուսիս՝ Վրաստան, Սև ծով և հյուսիսային ճանապարհի երկարությամբ գտնվող երկրներ դուրս գալու ուղի է»,- նշել է նա։
Add new comment