Հայաստանը պետք է օրակարգային դարձնի Ադրբեջանում հայերի դեմ պետական մակարդակով քարոզվող ատելության թեման. Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Բաքվի բռնապետ Ալիևը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումի ընդունելության ժամանակ նշել է, թե իբր Ադրբեջանը ներկայացնում է համակեցության և վերադարձի իրավունքի վերաբերյալ հստակ և թափանցիկ ծրագիր, իսկ Հայաստանը մերժում է ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու իրավունքը և այդ կապակցությամբ որևէ տեսակետ չի ներկայացրել։
Նախ, եթե Ադրբեջանը իրապես համակեցության որևէ ծրագիր ունենար, տաս ամսվա բլոկադա չէր իրագործի Արցախի 120,000-ի նկատմամբ, երկրորդ, ռազմական հարձակում չէր գործի 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երրորդ, չէր իրականացնի էթնիկ զտման քաղաքականություն, չորրորդ՝ պետական մակարդակով չէր քարոզի հայատյացություն։ Հիշեցնեմ, որ նոյեմբերի 8-ին օկուպացված Ստեփանակերտի իր ելույթում բռնապետ Ալիևը հայերին կոչում էր «թշնամիներ, որոնց քշել է Ղարաբաղից»։
«Ադրբեջանի հացը կերած ու Ադրբեջանի ջուրը խմած անշնորհակալ ժողովուրդը այս հրապարակում մեր դեմ տարածքային պահանջ բարձրացրեց։ Հենց այս շենքում, որը ժամանակին կառուցվել էր ադրբեջանական պետության կողմից, Ադրբեջանի դեմ նենգ ծրագրեր էին նախապատրաստվում»,-հայտարարել էր նա։ «Նենգ ծրագիրն» էլ այն է, որ հայերը չէին ուզում հայրենազուրկ ու մազապուրծ դառնալ, ինչպես եղավ այս տարվա սեպտեմբերին։
Հայաստանը պետք է օրակարգային դարձնի Ադրբեջանում հայերի դեմ պետական մակարդակով քարոզվող ատելության թեման, ինչի վերաբերյալ կա փաստական հարուստ նյութ, ավելին ասեմ՝ ՀՀ-ն ինքն է հայց ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության դատարան այդ թեմայով։ Պետք է խոսել Բաքվից, Սումգայիթից, Գանձակից, Խանլարից ու Դաշքեսանից արտաքսված ավելի քան կես միլիոն հայերի իրավունքների մասին։ Այս թեմայով հայկական կողմի լռությունը թույլ է տալիս Բաքվին անհեթեթ հայտարարություններ անել ու դրանք դարձնել օրակարգի մաս»։
Add new comment