ԱՄՆ-ն չի համարձակվում սպառնալ Իրանին ռազմական հարձակմամբ. ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավագ հրամանատար, ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի համարձակվում Իրանին սպառնալ ռազմական հարձակմամբ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Իրանցի հրամանատարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ֆոնին Վաշինգտոնը Թեհրանին խաղաղության մասին խնդրանքով մի քանի ուղերձ է փոխանցել։
«Ամերիկացիները չեն սպառնում Իրանին։ Նրանք մի գիշերում երեք անգամ նամակներ են ուղարկել Իրան, և այդ նամակների ձևակերպումները խնդրանք և աղերսանք են պարունակել»,- հայտնել է նա։
Հաջիզադեն տեղեկացրել է, որ Թեհրանը ներկայումս իր հզորության բարձրակետում է և պատրաստ է իրադարձությունների ցանկացած տեսակի զարգացման։
Ըստ վերջինիս՝ առճակատումն արդեն տարածվել է Լիբանանում, որտեղ «Հիզբոլլահը» մասնակցում է իսրայելական ռեժիմի դեմ անդրսահմանային բախումներին։ Նա ասել է, որ հակամարտությունը կարող է էլ ավելի սրվել, ինչին իրանական կողմը պատրաստ է։
#Դետքի_հետագծով
Իրանցի գեներալի այս հայտարարությունները հնչել են այն մտահոգությունների ֆոնին, որ Գազայի հատվածում ընթացող պատերազմը կարող է տարածվել Արևմտյան Ասիայի այլ մասերում։ Չնայած Թեհրանը ձգտում է չընդլայնել հակամարտության աշխարհագրությունը, սակայն այդ երկրի իշխանությունները վստահեցնում են, որ պատրաստ են նաև նման զարգացման։
Add new comment