fransa azerbaycan

Ֆրանսիա-Ադրբեջան լարված հարաբերություններ

Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերությունները, որոնք երբեք ջերմ չեն եղել, այժմ դարձել են գրեթե թշնամական։ Երկկկողմ հարաբերությունների վատթարացման պատճառներից մեկը հայ-ադրբեջանական հակամարտությունն էր, որի վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումը հայամետ էր, թեև շատ դեպքերում Ֆրանսիայի գործելաոճն այլ բան էր ցույց տալիս: Օրինակ՝ Ֆրանսիան պատերազմական դրության ժամանակ Հայաստանին համարում էր «բարեկամ» երկիր, բայց դա չէր խանգարում նրան Ադրբեջանի հետ զենքի մատակարարման խոշոր պայմանագրեր կնքելուն։

Բանն այն է, որ Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել էր, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ երկրների, միակ երկիրն է, որ խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները և Ադրբեջանին երբևէ չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում: Եվրամիության երկրները և Միացյալ Նահանգները 1990-ական թվականներից էմբարգո են դրել Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու վրա: Հակամարտող կողմերին Արևմուտքը զենք չի վաճառում՝ կանխելու իրավիճակի սրացումը և սպառազինությունների մրցավազքը: Ֆրանսիան, չնայած էմբարգոյին, նախատեսում էր «Adroit» տեսակի նավեր վաճառել, որոնք պաշտոնապես նախատեսված են Կասպից ծովում հորատման սարքավորումների պաշտպանության համար, բայց դրանք կարող են հագեցվել հրթիռներով։

2018 թ. նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արգելակել է նավերի մատակարարման պայմանագրի կնքումը: Ֆրանսիան հերքել է, թե խախտում է զենքի էմբարգոն:

2016 թ. Ֆրանսիայի ՊՆ միջազգային հարաբերությունների և ռազմավարության գծով տնօրեն Ֆիլիպ Էրերան հայտարարել է, որ Ֆրանսիան այդ փաստաթղթերը չի դիտարկում բացառապես որպես այնպիսի տեխնիկայի արտահանման սահմանափակում, որը կարող է կիրառվել ղարաբաղյան հակամարտության մեջ, այլ որպես «մասնակի էմբարգո»։

Այսինքն՝ նման մեկնաբանության շրջանակում Բաքվի հետ արդյունաբերական գործընկերությունը չի խախտում էմբարգոն, քանի որ «նպատակաուղղված է միայն Կասպից ծովում առանցքային ենթակառուցվածքների պաշտպանության հարցում Բաքվին աջակցելուն և Ադրբեջանի էներգետիկ անվտանգությունն ապահովելուն»։ Հայտնի չէ, թե կոնկրետ ինչ զենք է Փարիզը վաճառում Բաքվին: Երկկողմ հարաբերությունները թշնամական բնույթ կրեցին 2022 թ. նոյեմբերի 15-ից հետո, երբ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունվեց բանաձև, որը դատապարտում էր Ադրբեջանի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Սենատը կոչ արեց Ֆրանսիայի կառավարությանն անել հնարավորը, որպեսզի Ադրբեջանն անհապաղ միանա բանակցային գործընթացին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։

2023 թ. մայիսին Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամական խումբը դադարեցրեց գործունեությունը, որի մասին հայտնել էր խմբի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պիեռ Վատինը։ Ս․թ․ սեպտեմբերյան դեպքերի ժամանակ Ֆրանսիան խստորեն դատապարտեց Արցախում Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունը՝ ծանր տեխնիկայի կիրառմամբ, այդ թվում՝ բնակելի շրջանների ուղղությամբ, կոչ արեց Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումն ու հարգել միջազգային իրավունքը, իսկ արցախահայության ճակատագրի համար բացառիկ պատասխանատվությունը դրեց Ադրբեջանի վրա։ Երկկողմ հարաբերությունների լարվածությունը նկատվում է նաև այս օրերին:

Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի ուղարկումը Հայաստան առաջացրել է պաշտոնական Բաքվի դժգոհությունը։ Պաշտոնական Բաքուն նշել է, որ զինտեխնիկայի փոխանցումը ծառայում է տարածաշրջանում Հայաստանի ռազմական ներուժի և «ապակառուցողական գործողությունների ամրապնդմանը», իսկ տարածաշրջանում Ֆրանսիայի գործունեությունը որակել է ապակառուցողական:

Հատկանշական է, որ պաշտոնական Բաքուն, անդրադառնալով Հայաստանի՝ պաշտպանական նպատակներով ձեռք բերված զինտեխնիկայի ձեռքբերմանը, որակում է տարածաշրջանում իրավիճակի վատթարացմանը միտված քայլ, բայց մեկնաբանություն չի տալիս Բաքվի՝ Պակիստանից ու Իսրայելից գնված զինտեխնիկային, որը, ըստ Ադրբեջանի, նույնպես ունի պաշտպանական նպատակ:

Add new comment