Submitted by G.Avetisyan on
79856

Հայաստանը բազմաթիվ հարցեր ունի ՀԱՊԿ-ին ուղղված, որոնց պատասխանները չի ստանում. ԱԽ քարտուղար

Հայաստանը բազմաթիվ հարցեր ունի ՀԱՊԿ-ին ուղղված, որոնց պատասխանները չի ստանում։ Սա է պատճառը, որ մենք չենք մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին։ Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե հայկական կողմը չի մասնակցում ՀԱՊԿ-ի նիստերին, ապա ինչու ՀՀ-ն դուրս չի գալիս այդ կառույցից, փոխանցում է Tert.am-ը։

«2020 թվականից հետո, երբ ասում էին ԼՂ-ն ՀՀ-ի սուվերեն տարածքի մաս չի, մենք չենք կարող այդ հարցերով զբաղվել, 2021 թվականի մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին։ Այդ պահից սկսած մինչև նախորդ տարվա սեպտեմբերը, երբ Ադրբեջանը կրկին հարձակվել է Հայաստանի վրա և մենք ՀԱՊԿ-ից օգնություն ենք խնդրել, մենք չենք ստացել անհրաժեշտ օգնությունը մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար։ Այդ պահից սկսած մենք բազմաթիվ հարցեր ենք ունեցել ՀԱՊԿ-ին և մինչ այժմ չունենք այդ հարցերի պատասխանը։ Եվ նաև սա է պատճառը, որ մենք չենք մասնակցում», - ասաց ԱԽ քարտուղարը։

Դիտարկմանը՝ արդյոք չմասնակցելու դեպքում ստանում են այդ հարցերի պատասխանները, Արմեն Գրիգորյանն արձագանքեց, որ գնալով միանշանակ չեն ստանում։

Հարցին՝ արդյոք սա դեմարշ է, նա բացասական պատասխանեց, նշելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է և կառույցից դուրս գալու հարց օրակարգում չկա։

«Մենք ունենք հարցեր ՀԱՊԿ-ի վարքագծի հետ կապված և ակնկալում ենք, որ այդ հարցերի պատասխանները մեր գործընկերները կտան։ Սա է պատճառը։ Մենք այս հարցերը տալու առիթն ունեցել ենք, միայն այդ ձևաչափը չէ, որն այդ հարցերը քննարկելու հնարավորություն է տալիս։ Մենք հրապարակային խոսել ենք և ակնկալում ենք ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերի պատասխաններ։ Որևէ խնդիր չեմ տեսնում, որ մենք չենք մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում որևէ միջոցառման», - շեշտեց Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ եթե ՀՀ-ն չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, ապա ինչու դուրս չի գալիս կառույցից, ԱԽ քարտուղարը նշեց․ «Մենք կարծում ենք, որ սա լավագույն տարբերակն է շարունակելու մեր քաղաքականությունը։ Ի դեպ, Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելը որևէ կերպ չի կաշկանդում մեր մյուս հարաբերությունները կառուցելու մասով։ Քանի որ այս մասով հարց չկա, մենք դրան չենք անդրադառնում»։

 

Add new comment