Իրանի ԱԳ նախարարը նշել է՝ ՀԱՄԱՍ-ը կդադարեցնի հարձակումները, եթե Իսրայելը դադարեցնի Գազայի ժողովրդի ցեղասպանությունը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կդադարեցնի պատասխան հարձակումները, եթե Իսրայելը դադարեցնի իր ցեղասպանությունը Գազայի ժողովրդի դեմ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Ժնևում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի արտակարգ իրավիճակների գծով տեղակալ Մարտին Գրիֆիթի հետ հանդիպման ժամանակ Աբդոլլահիանն ընդգծել է հրատապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ պաշարված Գազայի հատվածում իսրայելական ռեժիմի հանցագործությունները կասեցնելու համար։
Անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետ իր վերջին հանդիպումներին՝ իրանցի պաշտոնյան ասել է, որ շարժումը կդադարեցնի իր հակահարձակումները, եթե Իսրայելը դադարեցնի իր ցեղասպանությունը Գազայի հատվածում։ Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է միջոցներ ձեռնարկել քաղաքացիական բանտարկյալներին ազատելու համար։
Իրանի գլխավոր դիվանագետը հայտնել է, որ Իսրայելը պատերազմում հաղթելու հնարավորություններ չունի, և պատերազմը շարունակելը միայն ավելացնում է ամերիկյան կառավարության ծախսերը։
Վերջինս հավելել է, որ Գազա ուղարկվող մարդասիրական օգնության ծավալը շատ փոքր է, և ՄԱԿ-ը պետք է անհապաղ ու լուրջ միջոցներ ձեռնարկի այդ հարցում։ Նա ասել է, որ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հասնելու համար ՄԱԿ-ը կարող է հույս դնել Իրանի օգնության վրա։
#Դետքի_հետագծով
Ի պատասխան ԱՄՆ-ի և արևմտյան երկրների կողմից Իսրայելին ցուցաբերվող աջակցության՝ Իրանն իր հերթին մեծացնում է ՀԱՄԱՍ շարժմանը ցուցաբերվող աջակցությունը։ Միևնույն ժամանակ Թեհրանը չի բացառում հրադադարի հաստատման հնարավորությունը, որը թույլ կտա կողմերին վերականգնել իրենց ուժերը։
Add new comment