1

ATAGS-ը մինչև 45 կմ կրակի հեռավորություն ունի, որը սովետական ոչ մի հաուբից չունի․ ռազմական փորձագետը՝ Հնդկաստանից գնված զինատեսակների մասին

Հնդկական IDRW (Indian Defence Research Wing) հարթակը հաղորդել է` հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական «Bharat Forge» ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված «MArG 155» անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար։

Հայաստանը ի՞նչ փորձի հիման վրա է Հնդկաստանից զենք ձեռք բերում։ Ի՞նչ առավելություն ունեն այդ համակարգերը։ Այս հարցերի շուրջ «Դետք»-ը զրուցել է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի հետ:

Փորձագետի կարծիքով՝ հնդկական զենքն ու զինամթերքը Հայաստանն ընտրել է, որովհետև նախ` այդ երկրի հետ կան լավ կապեր, և երկրորդ` Հնդկաստանը շատ քիչ երկրներից է, որն այսօր ռուս-ուկրաինական պատերազմի ոչ մի կողմում ընդգրկված չէ․ «Հնդկաստանը նոր խաղացող է։ Այս համակարգերի մեծ մասի առաջին գնորդը Հայաստանն է։ Այդ իմաստով հնարավորություն կա արագ ու մեծ քանակություն ստանալու, և կարծում եմ՝ բավականին մատչելի գներով՝ համեմատած ուրիշ երկրների հետ»։

Ներսիսյանն ընդգծեց՝ այսօր արագությունը շատ կարևոր է, քանի որ 2020 թվականից հետո տարբեր տեսակի տեխնիկաների մեծ պակաս կա։ Խոսելով «MArG 155» ինքնագնացների մասին՝ փորձագետը կարծիք հայտնեց, որ դա շատ կարևոր գնում է Հայաստանի համար՝ նշելով, որ բացի այդ ինքնագնացներից` նաև 155 մմ տրամաչափի ATAGS տեսակի հրետանի է գնվել։

«Այդ համակարգերի կրակային հեռավորությունը շատ ավելի բարձր է, քան սովետական կամ ռուսական հրետանու դեպքում։ Իմիջիայլոց, Ադրբեջանն այսօր միայն սովետական և ռուսական է օգտագործում։ Օրինակ՝ ATAGS-ը մինչև 45 կմ կրակի հեռավորություն ունի, որը սովետական ոչ մի հաուբից չունի, անգամ 207 մմ տրամաչափի «Pion»-ը, որը կա Ադրբեջանում»,- նշեց ռազմական փորձագետը։

 

Add new comment