Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանը կշարունակի աջակցել Պաղեստինին. Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ չնայած Թեհրանը ներգրավված չէ և երբեք ներգրավված չի եղել ՀԱՄԱՍ-ի գործողության մեջ, այնուամենայնիվ կշարունակի աջակցել Պաղեստինի դիմադրության շարժմանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Աբդոլլահիանը պնդել է, որ տարածաշրջանի ամերիկյան բոլոր բազաներից իսրայելական ռեժիմին տրամադրվում են պատերազմի զենքեր, այդ թվում՝ արգելված զենքեր։ Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ ԱՄՆ-ն ​​ակնհայտորեն ներգրավված է Գազայի դեմ վարվող պատերազմի և ցեղասպանության մեջ։

Իրանի արտգործնախարարն ասել է, որ հութիները Եմենի հասարակության և ներկայիս քաղաքական համակարգի կարևոր մասն են, նրանք որոշումներ են կայացնում և գործում իրենց շահերի շրջանակում։ Նա միևնույն ժամանակ հիշեցրել է, որ վերջիններս անտարբեր չեն լինելու Գազայում ցեղասպանության նկատմամբ։

«Օկուպացված տարածքները միջազգային իրավունքի տրամաբանության մեջ ունեն իրենց օրենքները, և ըստ միջազգային իրավունքի` օկուպացված երկրի ժողովուրդը կարող է նույնիսկ զինված պատերազմի մեջ մտնել՝ պաշտպանվելու համար։ Սակայն մենք զավթողականության դեմ պաղեստինյան ազատագրական խմբավորում՝ ՀԱՄԱՍ-ի գործողությունները համարում ենք լիովին միջազգային իրավունքի շրջանակում»,- շեշտել է նա։

Աբդոլլահիանը հավելել է, որ Իսրայելն օկուպացիոն տերություն է, իսկ միջազգային իրավունքը, որը գրվել է ԱՄՆ-ում և Արևմուտքում, օկուպացված երկրի քաղաքացիներին իրավունք է տալիս զենք կրելու և պաշտպանվելու։ 

#Դետքի_հետագծով

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածի նկատմամբ իրականացվող ցամաքային գործողությունը, թեպետ զգալի կորուստներ է կրում դրանից։ Սրան զուգահեռ Իրանը հայտնում է, որ շարունակելու է աջակցել Պաղեստինի ժողովրդի ազատագրական պայքարին՝ նախևառաջ ելնելով սեփական շահերից։

Add new comment