Submitted by D.Guyumjyan on
detq

Պեսկովը չի մեկնաբանել Վաշինգտոնի պնդումները ՌԴ-ին Իրանի կողմից բալիստիկ հրթիռներ հանձնելու մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբիի այն հայտարարությունը, թե հնարավոր է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ հանձնած լինի՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Պեսկովն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։

«Ես չեմ կարծում, թե արժե դա ինչ-որ կերպ մեկնաբանել։ Մենք զարգացած հարաբերություններ ունենք Իրանի հետ, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Բայց այդ տեղեկությունը մենք չենք մեկնաբանի»,- նշել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել, որ Իրանը կարող է բալիստիկ հրթիռներ տրամադրել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։ 

#Դետքի_հետագծով

Ամերիկյան կողմը վերջին շրջանում պարբերաբար մտահոգություններ է հայտնում, որ Ռուսաստանը և Իրանը միմյանց սպառազինություն են փոխանցում՝ ուկրաինական ռազմաճակատում, ինչպես նաև ՀԱՄԱՍ-Իսրայել պատերազմում կիրառելու համար։ Չնայած Մոսկվան և Թեհրանը պարբերաբար հերքում են այս պնդումները, սակայն արևմտյան երկրների մեղադրանքները չեն դադարում։

 

Add new comment