ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեն կարող բարեխիղճ միջնորդներ լինել Երևանի և Բաքվի միջև. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին հայկական կողմին առաջարկներ են ուղարկվել բանակցություններ վարելու վերաբերյալ ինչպես Մոսկվայում, այնպես էլ բազմակողմ միջոցառումների շրջանակում, որոնց հստակ պատասխանները դեռ չեն ստացել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Զախարովան պնդել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը չեն կարող համարվել բարեխիղճ միջնորդներ․ «Միևնույն ժամանակ, Երևանը ցանկանում է բանակցել Վաշինգտոնում և Բրյուսելում, թեև ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ն չեն կարող համարվել բարեխիղճ միջնորդներ մի շարք պատճառներով: Նրանց գործողությունները ստորադասվում են Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու նպատակին, նրանք ցանկանում են ոչնչացնել տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության մեխանիզմները և միևնույն ժամանակ անամոթաբար գողանալ ու փոփոխել Մոսկվայի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները՝ պատեհապաշտ նկատառումներին համապատասխան»,- նշել է նա։
Ռուս պաշտոնյան համոզմունք է հայտնել, որ այս կողմերի միջնորդությունից իրական օգուտ չկա, չի էլ կարող լինել։
Նա հավելել է, որ Երևանի անխոհեմ խաղադրույքը, որ Արևմուտքը կօգնի իրենց, ֆիասկո է ապրել: «Սա նույնպես ակնհայտ է: Սա չտեսնելն անհնար է։ Չնայած առկա առաջարկներին և հրավերներին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները դեռևս սառեցված են»,- եզրափակել է խոսնակը։
#Դետքի_հետագծով
Ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները փաստացի սառեցված են, քանի որ հայկական կողմը նախընտրում է բանակցել Արևմուտքում, ադրբեջանականը՝ Մոսկվայում։ Սա բանակցային գործընթացը փակուղի է մտցրել, ինչի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։
Add new comment