USAID-ի գործունեության համար Ադրբեջանում տեղ չկա․ Հաջիև
«USAID-ի (ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն) գործունեության համար Ադրբեջանում տեղ չկա»,- X սոցցանցում նման գրառում է կատարել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Նա Սամանտա Փաուերին մեղադրել է նաև Ռուբեն Վարդանյանի հետ սերտ կապեր ունենալու մեջ։
«Ս․ Փաուերը «Ավրորա»-ի հովանու ներքո միավորվել է վերջինիս հիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ։ Հետաքրքիր է, որ 2019 թվականին Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում էին պատժամիջոցներ կիրառել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ փողերի լվացման համար։ Այն բանից հետո, երբ Ռուբեն Վարդանյանը 2022 թվականի հոկտեմբերից հայտնվեց Ղարաբաղում, նա պետական հեղաշրջում ծրագրեց ԱՄՆ-ի կողմից աջակցվող Հայաստանի քաղաքական ղեկավարության դեմ»,- գրել է նա։
Հաջիևն անհիմն մեղադրել է Փաուերին, որ նա երբեք չի համարձակվել բարձրաձայնել «ադրբեջանցի փախստականների և ներքին տեղահանվածների խնդրի մասին և պահանջել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի կատարում»։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանի նպատակներից մեկն այն է, որ տարբեր հարթակներից խեղաթյուրվի իրականությունը, և բարձրաձայնվի այն կեղծ քարոզչությունը, որով զբաղվում է Ադրբեջանը պետական մակարդակով։
Add new comment