Թուրքիան և Մեծ Բրիտանիան անվտանգության ու պաշտպանական ոլորտի պայմանագիր են ստորագրել
Թուրքիան և Մեծ Բրիտանիան ստորագրել են անվտանգության ու պաշտպանության ոլորտում կապերի խորացման մասին ծրագիր՝ Թուրքիայի՝ 40 «Eurofighter» ինքնաթիռ ձեռք բերելու մտադրության ֆոնին։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը նոյեմբերի 23-ին Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։ Կողմերը քննարկել են պաշտպանական և անվտանգության հարցեր, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում ընթացիկ համագործակցությունը։
ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը։ Այս մասին ասվում է Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ։ Այդ նպատակով նախարարները ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության մտադրության մասին հայտարարություն։
Փաստաթուղթը նախատեսում է Միջերկրական ծովում համատեղ զորավարժություններ անցկացնելու, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի անվտանգության ապահովման հնարավորությունների ուսումնասիրություն։
«Ես շատ ուրախ էի հանդիպել և համաձայնություն ձեռք բերել խորացնելու Մեծ Բրիտանիա-Թուրքիա պաշտպանական հարաբերությունները։ Թուրքիան գտնվում է երեք մայրցամաքների խաչմերուկում, և նման գլոբալ անկայունության ժամանակ նրա ազդեցությունը չի կարելի թերագնահատել»,- ասել է բրիտանացի նախարարը։
Add new comment