Որտեղ կարող են դիմել այն կանայք, որոնք ուզում են ծառայել զինված ուժերում․
Մեր երկրի բնակչության մեծամասնությունը կանայք են, ուրեմն պետք է լիարժեք ներգրավված լինեն բոլոր ոլորտներում։ Այս մասին նոյեմբերի 24-ին ասել է Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելիս։
«Պաշտպանության նախարարության առաջ խնդիր եմ դնում, որ եթե մենք լուրջ ենք վերաբերում այդ ծառայությանը, ապա չափանիշները լրիվ նույնական չեն կարող լինել, որովհետև տարիքային և այլ հանգամանքներ կան։ Մենք չենք կարող կանանց և տղամարդկանց դեպքում զինվորականի նկատմամբ պահանջների տարբերություն դնել, որովհետև զինվորը զինվոր է՝ կին, թե տղամարդ։ Այդ «թույլ սեռի» տրամաբանությունից դուրս պետք է գանք, որովհետև 16-րդ դարում էր թույլ և ուժեղ սեռ, այժմ 21-րդ դարն է։ Հիմա կանայք երկրներ են ղեկավարում, պաշտպանության նախարարներ կան, տիեզերագնացներ կան, զինվորականներ կան։ Դեռ գեներալ չունենք, բայց գնդապետի կոչումով կանայք ունենք, և պետք է այս պրոցեսը զարգացնենք։ Վերջին տարիներին նաև Ոստիկանության բաժինների կին պետեր ենք ունեցել։ Մեր երկրի բնակչության մեծամասնությունը կանայք են, ուրեմն պետք է լիարժեք ներգրավված լինեն բոլոր ոլորտներում»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է հեռուստադիտողներին, որ այն կանայք, որոնք կամավոր սկզբունքով կցանկանան անցնել պարտադիր զինծառայություն, կարող են դիմել իրենց տարածքային զինկոմիսարիտաներ կամ զանգահարել 1-28 հեռախոսահամարին՝ Պաշտպանության նախարարության թեժ գծին, ինչպես նաև եթե կցանկանան Պարեկային ծառայությունում աշխատել, կարող են դիմել Ոստիկանության կրթահամալիր` զանգահարելով 010 77 80 33 հեռախոսահամարով։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ զանգը ինքնին չի նշանակում, որ կանցնեն ծառայության, որովհետև կան չափանիշներ։
Add new comment