Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը մշակութային ոլորտում
Ինչպես հայտնի է, թուրք-ադրբեջանական հարաբերությունները ձևավորվում են «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի և Ադրբեջանի միջև ինտեգրման գործընթացը բավականին խորացել է։ Ինտեգրումը վերաբերում է տարբեր ոլորտներին, այդ թվում` մշակութային։ Այս համատեքստում անդրադառնանք օրերս Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված մշակութային համագործակցության պայմանագրին, որի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի մշակույթի նախարարները հանդես եկան հետևյալ հայտարարություններով։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի խոսքը. «Մեր գլխավոր խնդիրն է պաշտպանել թյուրքական աշխարհի մշակութային ժառանգությունն իր փառահեղ անցյալով և առաջ տանել այդ ժառանգությունը բոլոր հարթակներում։ Ստորագրելով համաձայնագիրը մենք ոչ միայն կպահպանենք մշակութային ժառանգությունը, այլև կշարունակենք մեր հարաբերությունները եղբայրական երկիր Ադրբեջանի հետ համերգների, ցուցահանդեսների, թատերական և գրական միջոցառումների միջոցով: Միաժամանակ մենք ձգտում ենք իրականացնել նոր ծրագրեր՝ աջակցելու երիտասարդ տաղանդներին և պահպանելու մեր մշակութային ժառանգությունը։
Թուրքիայի և Ադրբեջանի միջև մշակութային համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ մեր հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն, և համատեղ աշխատանքը թափ կհավաքի»։
Ադրբեջանի մշակույթի նախարար Ադիլ Քերիմլիի խոսքը. «Մեր ժողովուրդները տարիներ շարունակ աջակցել են միմյանց քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում։ Մեր միջպետական հարաբերությունները հիմնված են նաև ընդհանուր պատմական և մշակութային աներեր արժեքների վրա: Մենք շարունակելու ենք եղբայրական և բարեկամական հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում` քաղաքակրթության և մշակույթի: Ադրբեջանն ու Թուրքիան կարևոր աշխատանք են կատարում աշխարհում թուրքական ընդհանուր մշակութային ժառանգության առաջմղման ուղղությամբ»։
Նշենք, որ փափուկ ուժի կիրառման առումով Թուրքիան միջազգային ասպարեզում ամենաուժեղ երկրներից մեկն է, որը քաղաքական, տնտեսական, մշակութային ազդեցություն ունի մի շարք երկրներում ապրող ժողովուրդների վրա։ Ահա մենք ականատես ենք լինում Թուրքիայի և Ադրբեջանի հերթական ինտեգրման գործընթացին՝ այս անգամ մշակութային ոլորտում։
Add new comment