Submitted by G.Avetisyan on
24

Փաշինյանն ու Բլինքենը խոսել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից

Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: 

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: 

Քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի Կառավարության դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարեւորությունը:

Նշենք, որ Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ողջունել «Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու՝ նախագահ Ալիևի հանձնառությունը»։

«Պետքարտուղարն ընդունել է, որ այս երկարատև հակամարտությունը տառապանքներ է պատճառել թե՛ադրբեջանցիներին, թե՛ հայերին, և ընդգծել է այն օգուտները, որ կարող է բերել խաղաղությունը տարածաշրջանում բոլորին», - նշված է գերատեսչության հայտարարությունում։

Բլինքենը նաև Ալիևի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների միջև մտահոգություն առաջացնող թեմաները և «խոսել համագործակցությունն ամրապնդելու հնարավորությունների մասին, հատկապես խաղաղության գործընթացի շուրջ», ինչպես նաև շեշտել բարձր մակարդակով ներգրավվածության կարևորությունը։

 

Add new comment