300 տարի անց պատմությունը կրկնվում է. ի՞նչ նամակ է 1726 թ. իշխան Դոլգորուկովը ուղարկել ռուսաց կայսրուհուն
Քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ավարտել եմ և առաջիկայում տպագրության կհանձնեմ հաջորդ մենագրությունս՝ «Հայոց զորքի կազմավորումն ու սպառազինումն Արցախում 1720-ական թվականներին»։ Հուսով եմ, 2024 թ. սկզբներին գիրքը կդրվի ընթերցողի սեղանին։
1720-ական թվականների հայոց փառահեղ ազատամարտն ուսումնասիրելու ընթացքում հաճախ այնպիսի տպավորություն ես ստանում, թե 300 տարի անց պատմությունը կրկնվում է։
Պարզապես ուզում եմ առանց մեկնաբանությունների թարգմանաբար մեջբերել մի հատված 1726 թ. նոյեմբերի 30-ին մերձկասպյան շրջանում ռուսական բանակի գլխավոր հրամանատար, իշխան Վասիլի Դոլգորուկովի նամակ-զեկուցագրից, որը նա գրել է 1726 թ. նոյեմբերի 15-23-ին Շուշիի տակ հայոց հաղթանակի մասին լուրը ստանալուց անմիջապես հետո։ Նամակն ուղղված է ռուսաց կայսրուհուն՝ Եկատերինա Ա-ին (թագավորել է 1725-1727 թթ.).
«...Հայերը բազմիցս են ջախջախել թուրքերին և պահանջում են մեզանից, որպեսզի մեր զորքերով իրենց միանանք, աղերսում են, որպեսզի գոնե զորքի որոշակի մի մասն իրենց մոտ ուղարկենք։ Բայց ես, ձերդ կայսերական մեծության հրամանի համաձայն, չեմ կարող դա անել, քանի որ թուրքերը [ռուսների դեմ էլ] կգազազեն։ Կարեցածիս չափ հայերին հուսադրում եմ, որպեսզի համբերատար որոշ ժամանակ էլ սպասեն։ Սակայն նրանք տեսնում են, որ մեզանից իրենց ո՛չ օգուտ կա, ո՛չ էլ հույս ։
Նրանք թուրքերի դեմ կռվում են վճռականորեն ու մեծ քաջությամբ, և եթե այս նպաստավոր պահին մեր զորքերը կարողանային միանալ հայերին, հաշվի առնելով թուրքական թուլությունը, կարելի էր հուսալ, որ մեր գործողությունները կարող են մեծապես արդյունավետ լինել»:
Կարդանք նույն հատվածը նաև ռուսերեն բնագրով.
«Армяне неоднократно турок побили и требуют с нашими войсками соединиться, слезно просят хотя б некоторую часть к ним прислать; а мне за указом вашего императорского величества того учинить нельзя для озлобления турок, и сколько могу армян обнадеживаю, чтоб с терпеливостию ожидали несколько времени; однако ж видят они, что от нас им никакой пользы и надежды нет, и сколько могут с великою отвагою против турок мужественно поступают, и, ежели б в нынешнее благополучное время соединиться было можно нашим войскам с армянами, видя слабость турецкую, можно б надеяться, что действа наши сильные могли быть».
Իշխան Վ. Վ. Դոլգորուկովի ցանկությանը հակառակ, այդ տարիներին ռուսներից ռազմական օգնություն հայերն այդպես էլ չստացան։
Ուստի մեր դառը պատմությունից էլ, Հայաստանի ներկա աղետից էլ նույն պարզ հետևությունները պետք է անենք. հույսը նախևառաջ դնենք ոչ թե օտարի, այլ սեփական ուժերի վրա և օրնիբուն նախապատրաստվենք համաժողովրդական ինքնապաշտպանության»։
Add new comment