Submitted by D.Guyumjyan on
DETQ

Աբդոլլահիանը ՄՔԴ-ից պահանջել է կանգնեցնել Գազայում Իսրայելի գործողությունները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նամակներով դիմել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահ Պյոտր Հոֆմանսկիին և դատախազ Քարիմ Ահմադ Խանին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նամակներում պահանջել է դադարեցնել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։

Հաղորդվում է, որ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Իրանի ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքում:

«Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նամակներ է ուղարկել ՄՔԴ նախագահին և դատախազին՝ ընդգծելով Գազայի հատվածում վերջին հանցագործությունների հետաքննությունն արագացնելու անհրաժեշտությունը։ Գազայի հատվածի բարբարոսական ռմբակոծումը և Իսրայելի ներխուժումն անկլավ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 14 հազար խաղաղ բնակիչ, և վիրավորվել առնվազն 32 հազարը, ռազմական հանցագործությունների վառ օրինակներ են։ Դրանք պետք է համարվեն մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և ցեղասպանության ակտեր»,- ասվում է նամակներում։

#Դետքի_հետագծով

Չնայած Գազայի հատվածում հաստատված ժամանակավոր հրադադարին՝ Իսրայելի պաշտոնյաները վստահեցնում են, որ այն ժամանակավոր է, իսկ դրա ավարտից հետո ռազմական գործողությունները վերսկսելու են ավելի մեծ թափով։ Սա անհանգստացնում է իրանական կողմին, որը ձգտում է հասնել տևական հրադադարի հաստատման և կանխել Իսրայելի զինուժի կողմից իրականացվող վայրագությունները։

Add new comment