Իրանը Ռուսաստանից ձեռք է բերում կործանիչներ, ուղղաթիռներ և ինքնաթիռներ
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության փոխնախարար Մահդի Ֆարահին հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև վերջնական տեսքի են բերվել ռուսական արտադրության «Սուխոյ Սու-35» կործանիչների, «Մի-28» հարվածային ուղղաթիռների և «Յակ-130» ռեակտիվ ինքնաթիռների՝ Իրանին մատակարարելու վերաբերյալ պայմանավորվածությունները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Ֆարահին ասել է իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Իրանցի պաշտոնյան շեշտել է՝ ծրագրերը վերջնական տեսքի են բերվել, որպեսզի հիշյալ համակարգերը միանան Իրանի զինված ուժերի մարտական ստորաբաժանումներին։ Նրա խոսքով՝ այդ երեք առաջադեմ ռազմական ինքնաթիռները միանշանակ կլինեն Իրանի տրամադրության տակ, և գործընթացը ներկայում ընթացքի մեջ է։
Հիշեցնենք, որ Իրանն ու Ռուսաստանը խոշոր գործարքներ են կնքել՝ խթանելու իրենց տնտեսական, առևտրային, էներգետիկ և ռազմական համագործակցությունը։
#Դետքի_հետագծով
Ռուսաստանը և Իրանը վերջին տարիներին խորացնում են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչն անհանգստացնում է արևմտյան երկրներին։ Այս փոխգործակցությունն էլ ավելի խորացավ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո, երբ արևմտյան երկրները բազմիցս մեղադրեցին Իրանին ՌԴ-ին սպառազինություն մատակարարելու համար։
Add new comment