Իրանի պաշտպանության նախարարը կարծում է, որ Իրանը տարածաշրջանային առաջատար է
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Իրանը լիովին վերահսկում է ամբողջ տարածաշրջանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Աշտիանին շեշտել է, որ իրանական կողմը գերակայություն ունի տարածաշրջանում, ինչը նախևառաջ անհանգստացնում է ԱՄՆ-ին. «Ամերիկացիներն այն ամենը, ինչ տեղի է ունենում այս տարածաշրջանում, կեղծ կերպով կապում են մեզ հետ այն պատճառով, որ գիտեն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը գերակայություն ունի և առաջին ուժն է տարածաշրջանում»։
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Իրանն ավելի մեծ հաջողությունների կհասնի պաշտպանական արդյունաբերության տարբեր ոլորտներում, ինչպիսիք են արտահանումը, հաղորդակցությունը և ռազմական հարցերով այլ երկրների հետ փոխգործակցությունը։ Նա այս համատեքստում ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ԱՄՆ-ի հայտարարությունները պարզապես դատարկ և անարժեք խոսքեր են։
Աշտիանին հավելել է, որ Իրանը կշարունակի կատարելագործել իր զինված ուժերը, քանի որ տարածաշրջանում գերակա դիրքերի է հասել նախևառաջ պրոֆեսիոնալ զինված ուժեր ունենալու շնորհիվ։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին տարիներին բազմաթիվ քայլեր է ձեռնարկել, որի արդյունքում երկրին հաջողվել է դառնալ տարածաշրջանային տերություն, ինչն իր հերթին անհանգստացնում է վերջինիս հակառակորդներին՝ նախևառաջ ԱՄՆ-ին։ Սա միևնույն ժամանակ լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար՝ մասնավորապես Իրանի հետ փոխգործակցությունը խորացնելու և այդկերպ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։
Add new comment